Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացահայտումները
Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի թմրաշրջանառության և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է զանգել մի տղամարդ ու հայտնել, որ Թոզկապ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ ու 420-ից ավելի փամփուշտ։
Հունվարի 13-ին էլ Գորիսի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկել են քաղաքի բնակիչներից մեկի տունը՝ հայտնաբերելով պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ և կանեփի 750 գրամ չորացված տերևներ ու ցողուններ։ Բացի այդ, Գորիսի ոստիկանները հայտնաբերել են խուլիգանության և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 30-ամյա տղամարդու, որը կալանավորվել է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում էլ, շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի, արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Մասնավորապես, Կապանի բնակիչներից մեկը բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պայթուցիչով նռնակ, որոնք, ըստ նրա, բերել էր 2020 թվականին՝ Արցախից։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգը բաժին բերած տղամարդը հայտնել է, որ այն բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սիսիանի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկել են քաղաքի տներից մեկը՝ հայտնաբերելով ընդհանուր 90 գրամից ավելի քաշով կանեփանման զանգվածներ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեղրիի բաժնի ծառայողները։ Արդյունքում՝ Ագարակ քաղաքի բնակիչներից մեկը հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ և ինքնաձիգի 58 փամփուշտ։ Միջոցառումները շարունակվում են։
Կարծիքներ