Չեմ կարծում, որ համանախագահները տեղի կտան Ադրբեջանի շանտաժին. Դավիթ Բաբայան

Չեմ կարծում, որ համանախագահները տեղի կտան Ադրբեջանի շանտաժին. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի համար հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է:

 Դավիթ Բաբայանը նման կարծիք հայտնեց հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները բավականին երկար ժամանակ է, ինչ չեն այցելում Արցախ: Վերջին անգամ նրանք Արցախ այցելել են 2019 թվականի վերջին: Դրանից հետո եղավ համավարակը, հետո՝ պատերազմը: Բայց սրանք զուտ տեխնիկական խոչընդոտներ են: Ավելի կարևոր խոչընդոտն Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան: Իհարկե, մենք նրանց հետ կապի մեջ ենք: Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահի և Մինսկի խմբի ՌԴ նորանշանակ համանախագահի միջև: Ես էլ եմ մասնակցել այդ հանդիպմանը: Մենք բարձր ենք գնահատում նման հանդիպումները, որովհետև այսպիսի հանդիպումը կարելի է համարել համանախագահների հետ հանդիպումներից մեկը: Շատ նորմալ և անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ: Հուսով ենք, որ համանախագահները կայցելեն տարածաշրջան, մի օր պետք է այդ այցը տեղի ունենա, մանավանդ, որ նրանք ուզում են և հայտարարում են դրա մասին: Բնական է, որ Ադրբեջանը խոչընդոտում է, վերջերս մենք տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ որի Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համանախագահներն այդ շանտաժին տեղի կտան, և Ադրբեջանը կհասնի իր նպատակներին: Նպատակներին հասնելը դժվար է, բայց շատ ավելի հեշտ է աշխատանքին խոչընդոտելը»,- ասաց Բաբայանը:

Նա հավաստիացրեց, որ այլ խողովակներով կապ ունեն համանախագահների հետ: «Տարբեր հարցերի մասին նրանք տեղյակ են, մենք կարողանում ենք մեր տեսակետը հասցնել»,- նշեց Արցախի ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում