Վրացական ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը
Վրաստանի խորհրդարան անցած «Միացյալ ազգային շարժում» և «Լելո» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտարարել են խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք այլևս չենք մասնակցի այս կեղծ խորհրդարանի գործընթացներին, կլինենք Վրաստանի քաղաքացիների և լրագրողների հետ: Մենք կմասնակցենք խորհրդարանի միայն այն գործընթացին, որը կապված է Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու հետ: Մենք նաև կմասնակցենք Վրաստանի սահմանադրության քվեարկությանը, ինչը նշանակում է անցում համամասնական ընտրակարգին: «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը դադարեցնում է իր աշխատանքը խորհրդարանում»,- ասել է կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեն:
Նույն հայտարարությամբ է հանդես եկել «Լելո» խմբակցության ղեկավար Բադրի Ջափարիձեն: Նրա խոսքով՝ «ընդդիմության պատգամավորները չեն մասնակցի խորհրդարանի աշխատանքներին, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, ու չեն նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
«Միացյալ ազգային շարժումը», որը գլխավորում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է: Այն խորհրդարանում ունի 32 պատգամավոր, «Լելո»-ն՝ 4:
Կարծիքներ