ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը
ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։
Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և առկա միտումներին։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականն ընդհանուր առմամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա կոնկրետ նախաձեռնությունները, իրականացվող քայլերը։ Այս համատեքստում, կարևորելով տարածաշրջանային ընդգրկուն ծրագրերի կյանքի կոչումը, Արարատ Միրզոյանը մանրամասնել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առանձին բաղադրիչներ:
Կարծիքներ