Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Բանն այն է, որ վերջին շրջանում նա ավելի շատ հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության և կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին:
Այսինքն, որպես այդպիսին քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդպիսի պասիվությունն իր պատճառներ ունի և չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականի հայտնի դեպքերի ժամանակ:
Եվ հենց դա է պատճառը, որ նա արդեն սկսել է քաղաքականապես պասիվություն դրսևորել՝ գործունեություն ծավալելով միայն սպորտի և տնտեսության բնագավառում:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է, և այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է: Այդպիսի լուրերը, բացի ժպիտից, ոչ մի բան չեն առաջացնում», – հավելեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ