Լրանում է Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. Արարատ Միրզոյանը և Աբդալլահ Բու Հաբիբն ուղերձներ են փոխանակել

Լրանում է Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. Արարատ Միրզոյանը և Աբդալլահ Բու Հաբիբն ուղերձներ են փոխանակել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Աբդալլահ Բու Հաբիբը մարտի 4-ին ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Արարատ Միրզոյանն իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանը և Լիբանանն ամրագրեցին երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը պետական համագործակցության մեկնարկով։ Նա ընդգծել է լիբանանահայ համայնքի եզակի և անգնահատելի դերը երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք ստեղծեց ձևավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդգրկուն դաշտ, ինչպես նաև՝ միջմարդկային շփումների լայն շրջանակ, որը լավագույնս դրսևորվել է մարտահրավերները և դժվարին օրերը կողք կողքի հաղթահարելու վճռականությամբ և պատրաստակամությամբ:

Մեծապես կարևորելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ ավանդույթները՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել երկկողմ փոխշահավետ համագործակցության լայն շրջանակին:

Աբդալլահ Բու Հաբիբն իր ուղերձում ընդգծել է, որ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշվում է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման ամուր հաստատակամությամբ:

Լիբանանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու ժողովուրդների պատմական բարեկամության բնական շարունակականությունն էր, որտեղ իր ուրույն դերն ունի Լիբանանի հայ համայնքը՝ որպես լիբանանյան հասարակական կառուցվածքի ընդգրկուն և առանցքային բաղադրիչ:

Նախարար Բու Հաբիբն իր ուղերձում կարևորել է երկու երկրների և ժողովուրդների ամուր բարեկամությունը խաղաղության և բարդ ժամանակներում՝ իր երախտագիտությունը հայտնելով ՅՈՒՆԻՖԻԼ-ում Հայաստանի մասնակցությանը և հաստատակամ մնալով Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության Լիբանանի անխախտ դիրքորոշմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում