Հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էր նաև 2018 թվականից գերեվարված Կարեն Ղազարյանը. մարզպետ
Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ շարունակելով.
«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։
Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»:
Նշենք, որ Նարեկ Ամիրջանյանը առաջիններից էր գերի ընկել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ պատերազմի ժամանակ, նա ժամկետային զինծառայող է, 2001 թվականին ծնված:
Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանն էլ երկու տարի է՝ ապօրինի ազատազրկված էր Ադրբեջանում: 2018 թվականի հուլիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հայտարարեցին, թե հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձել է հատել սահմանը, սակայն խումբը վնասազերծվել է, իսկ խմբի անդամներից Կարեն Ղազարյանը` գերեվարվել:
Իրականությունն այն էր, որ Կարեն Ղազարյանը զինվորական չէ, այլ խաղաղ բնակիչ, ունի հոգեկան առողջության խնդիրներ, և ինչպես պնդում են նրա ծնողները, նրան առևանգել են, ոչ թե նա է սահմանն անցել:
Կարծիքներ