Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

2022թ. փետրվարի 05-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ. Բ.-ի, Ա. Թ.-ի և Ա. Հ.-ի ուղղությամբ, որոնք տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում