Քննարկվել են անտառային հրդեհների և օդի որակի վերահսկման հարցեր. ՇՄ նախարարը հանդիպել է ՄԹ դեսպանի հետ

Քննարկվել են անտառային հրդեհների և օդի որակի վերահսկման հարցեր. ՇՄ նախարարը հանդիպել է ՄԹ դեսպանի հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Հանդիպման մեկնարկին անդրադարձել են վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում գտնվող բնապահպանական խնդիրներին՝ ընդգծելով անտառային հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման համակարգերի կատարելագործման և մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման կարևորությունը։

 

Քննարկվել են նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի, մասնավորապես, մթնոլորտային օդի որակի վերահսկման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

 

Հանդիպման օրակարգում եղել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 առաջիկա համաժողովը։

 

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է կազմակերպչական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստվում է կազմակերպել ներառական և բազմակողմ համագործակցությունը խթանող համաժողով։

 

Քննարկել են նաև առաջիկա խոշոր միջազգային բնապահպանական միջոցառումներին հայկական պատվիրակությունների մասնակցության հարցերը՝ կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն ու ակտիվությունը։

 

Վերահաստատել են բնապահպանական քաղաքականության և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի առաջմղման Հայաստանի պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում