Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած մշակութային հանցագործությունը
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ վերացնելու փաստը։ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը դատապարտող հայտարարություն է տարածել «Թվիթեր»-ի միկրոբլոգում։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախևառաջ վանդալիզմի զոհ է»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու հետքերով գնացել է բրիտանական BBC-ի նկարահանող խումբը, որը նկարահանումներ է իրականացրել Մեխակավանում (ադրբեջանական Ջաբրայիլ անվանմամբ):
Կարծիքներ