Խորհրդարանական կառավարման մոդելը մերժողներին հաջորդ ընտրությանը մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ամփոփել է խորհրդարանական անցած շաբաթը:
Վերջինս հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակտիվ աշխատում է և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում: Թորոսյանը նաև հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է և չի ներկայանում ԱԺ աշխատանքներին:
«Ընդդիմությունը կարծես թե մերժում է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը՝ անտեսելով մեր 100 հազարավոր քաղաքացիների տված քվեն: Ես կարծում եմ՝ հաջորդ ընտրություններում մեր քաղաքացիները պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան այդ քաղաքական ուժերին, որոնք, չօգտագործելով խորհրդարանական որևէ գործիքներ, հատկապես միջազգային ատյաններում, մեր երկրի ընդհանուր և գործընկեր երկրներում մեր երկրի շահերը ներկայացնելու հնարավորությունները չեն օգտագործում: Փաստորեն, նրանք անարդյունավետ գործողություններ են իրականացնում, որը ի սկզբանե հայտնի էր՝ արդյունք չի տալու»,- նկատել է պատգամավորը:
Ըստ նրա՝ ընդդիմությունը կեղծ օրակարգով է առաջ շարժվում՝ խոսելով մտացածին թշնամիների մասին, որոնք երկրի ներսում են. «Իրականում, բոլորը շատ լավ գիտեն՝ մեր անվտանգային մարտահրավերները երկրից դուրս են, և դրանք մեղմելու, խաղաղության օրակարգը ամրապնդելու և առաջ մղելու համար բոլորս միասնական պետք է գնանք առաջ»:
Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը ցանկանում է ընդդիմության հետ կոնստրուկտիվ աշխատանք՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ բարեկամական խմբերում, թե՛ պատվիրակություններում, թե՛ պարզապես նախագծեր կազմելիս, սակայն կա հակառակ պատկերը:
Կարծիքներ