Շշեր, տարբեր առարկաներ են նետել ոստիկաների ուղղությամբ․ նույնականացվել է զանգվածային անկարգության մասնակից շուրջ 40 անձ

Շշեր, տարբեր առարկաներ են նետել ոստիկաների ուղղությամբ․ նույնականացվել է զանգվածային անկարգության մասնակից շուրջ 40 անձ

Նույնականացվել են Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձինք. նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ և ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարեքերի ուղղությամբ:

Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ և գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Նշված գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել 101 անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայողներ։

Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր։

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ իրադարձությունների վերաբերյալ հեռարձակված տեսագրությունների զննությունների արդյունքում արդեն իսկ անհատականացվել են նշված բռնություններն ու գույքի վնասումը կատարած չորս տասնյակից ավելի անձինք: Մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները լայն ծավալով շարունակվում են։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու, արարքներին իրավական գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում