Վահան Քերոբյանը և ԱՄՀ տարածաշրջանային ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները
Օգոստոսի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։
Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, որ կառավարության նոր ծրագիրն ուղղված է տարածաշրջանում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նոր ծրագրով նախատեսվում է ձևավորել ներդրումների վրա հիմնված տնտեսություն։
Նախարարը խոսել է նաև տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով հողային, ջրային և անշարժ գույքի ոլորտներում նախատեսվող բարեփոխումների իրականացումը։
Նախարարը նշել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու արտադրողականության բարձրացման վրա, ինչը ենթադրում է մոդերնիզացմանը և թվային վերափոխմանը միտված քայլեր։
Վահան Քերոբյանը նաև նշել է այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, դրանք են՝ մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, առողջապահությունը, թեթև արդյունաբերությունը։ Նա շեշտել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտությունը և ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի ավելացումը՝ մինչև 55 տոկոս։
Քննարկվել է նաև Հայաստանի՝ հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայի հարցը։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ համակարգը կներդրվի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։
Կարծիքներ