Ուժի մեջ է մտել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու մասին որոշումը
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են անձանց խմբի ներսում համակենտրոնացման գործարքների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Մասնավորապես, Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է, որ անձանց խմբի ներսում տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվի և ենթակա չեն լինի հայտարարագրման, եթե գործարքից կամ վերակազմակերպումից առնվազն մեկ ամիս առաջ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ներկայացվել են Հանձնաժողով, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանվել են Հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 17-ից (հղում՝ https://www.arlis.am/documentView.aspx?docID=154510 )։
Թիվ 161-Ն որոշմամբ, ի թիվս վերոնշյալի, սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացվելու և պաշտոնական կայքում տեղադրվելու դեպքում Օրենքով նախատեսված պայմանը՝ գործարքից առնվազն մեկ ամիս առաջ Հանձնաժողովին անձանց խմբի մասին տեղեկացնելու վերաբերյալ, կհամարվի պահպանված։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Կարծիքներ