Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին
Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։
«Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։
Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել էր պաշտպանների դիմումները և որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոց: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:
Կարծիքներ