Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը. ԱԳՆ

Այսօրվանից Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը. ԱԳՆ

Այսօրվանից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հռոմի Ստատուտը. Հայաստանը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։ 

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրեց անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավոր քվեարկեց ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ էին քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Մոսկվան ավելի վաղ անընդունելի էր անվանել Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի «անօրինական օրդերների» ֆոնին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ ՄՔԴ-ին միանալու համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդրահարույց հարցերը կարող են լուծվել երկկողմ պայմանագրերի կնքմամբ։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե Մոսկվան չի կարող լուրջ վերաբերվել Երևանի գաղափարին՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո հարցերը լուծելու համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում էր, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից, քանի որ ՄՔԴ կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություններ կան դիմելու այս դատարանի ծառայություններին նույնիսկ առանց Հռոմի ստատուտի կանոնադրության վավերացման:

Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր:

Այսօր ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը մեկնաբանելու խնդրանքին արձագանքել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով.

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, դա ընդհանուր առմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց մյուս կողմից մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, ինչը մենք գնահատում ենք և հույս ունենք, որ հետագայում կզարգանան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում