Մայրաքաղաքի ավագանին փոփոխություններ կկատարի քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումներում
Երևանի քաղաքապետարանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ավագանու անդամները կողմ քվերակեցին Երևանի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Նախագծով առաջարկվում է վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում:
Քվեարկությանը մասնակցեց ավագանու 45 անդամ: Կողմ քվեարկեց 31 անդամ, դեմ՝ 3-ը, 10-ը մնացին ձեռնպահ:
Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանը:
Համբարյանը հավաստիացրեց, որ բնավ նպատակ չունեն փոփոխությունների միջոցով որևէ աշխատակցի դուրս թողնել համակարգից: Նրա խոսքով՝ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում բոլոր նրանք, ովքեր մասնագիտական փորձառության առումով կհամապատասխանեն համարժեք պաշտոն զբաղեցնելու, համարժեք աշխատանք կատարելու, կմնան: Հնարավոր է՝ փոփոխության արդյունքում մեկ այլ աշխատանք ստանան՝ շարունակելով կատարել իրենց գործառույթները:
«Եթե լինեն մարդիկ, որոնց փորձառությունը և մասնագիտական որակները չհամապատասխանեն նոր ստեղծվող հաստիքներին, հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ դուրս մնան վերանշանակվելու գործընթացից: Նման դեպքերում կաշախատենք նրանց իրենց ներուժին համապատասխան մեկ այլ առաջարկ անել»,-նշեց Համբարյանը:
Անդրադառնալով դուրս մնացած աշխատակիցների սոցիալական վատ վիճակում հայտնվելու խնդրին՝ Համբարյանն ընդգծեց, որ ցուցաբերելու են անհատական մոտեցում:
Կարծիքներ