Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը
Իգոր Պոպովի փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է դարձել Իգոր Խովաևը: Սա հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հուլիսի 29-ին հրապարակված համանախագահների հայտարարությունից. այն տրվել է Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) անունից:
Այս թեմայի շուրջ Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա:
Իգոր Պոպովը զբաղեցնում էր Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2010 թվականից:
Բաց աղբյուրների համաձայն՝ 2015 թվականի մարտի 2-ին Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի դեսպան Ֆիլիպինների Հանրապետությունում և միաժամանակ Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում, իսկ նույն տարվա մայիսի 5-ից ՝ Մարշալյան կղզիներում` համատեղության կարգով: Այս բոլոր պաշտոններից նա ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին:
Կարծիքներ