Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը. Անդրանիկ Քոչարյանը հյուրընկալել է Նորդիկ-Բալթիկ երկրների դեսպաններին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսի, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում պաշտպանության և անվտանգության տիրույթում իրականացվող բարեփոխումներին, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներին՝ նշելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները` չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը: Հանձնաժողովի նախագահը կարևորել է տարածաշրջանում միջազգային հանրության օժանդակությամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Ներկայացնելով անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ոստիկանությունում, զինված ուժերում, ԱԱԾ-ում իրականացվող քայլերը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կյանքի կոչման հարցում մեր երկիրը պարբերաբար քննարկումներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների օրակարգը, բանակաշինության գործընթացում իր տեսլականը՝ կարևորելով Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում:
Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
Կարծիքներ