Հայաստանն ակնկալում է ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին․ ՀՀ վարչապետ

Հայաստանն ակնկալում է ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ՀՀ-ն ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա։           

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։  

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտնեց Հարավային Կովկասում կայունություն հաստատելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը և մոտեցումները։ 

«Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում ձեռք բերված 3 սկզբունքների հիման վրա․ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու համար 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացվել նաև թեմայի վերաբերյալ ՀՀ պատկերացումներն ամբողջացնող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաև սահմանային իրադրության հանդարտեցման համար հայկական կողմի բազմաթիվ առաջարկներն Ադրբեջանին։

«Խոսքը 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկների մասին է, որոնք մինչև օրս դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից»,- ընդգծեց նա։

Վարչապետը Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը հավատարիմ է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին՝ հավելելով, որ Թուրքիայի հետ դեռևս 2022 թվականին ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա։

Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  ՀՀ զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։

«Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ ապահովելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը, - եզրափակեց վարչապետը։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում