Նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Այսօր՝ հունվարի 10-ին ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների քաղաքացիներին և քաղաքացիական օբյեկտները։ Այդ մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի Ֆեյսբուքի էջում:

 

«Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։

 

Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված Արցախի Հանրապետության հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։

 

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

 

Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը»,-նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում