Երևանի ավագանին ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը

Երևանի ավագանին ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը

Երևանի ավագանին սեպտեմբերի 12-ի նիստով ամփոփեց 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը:   

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ավագանու որոշմամբ՝ Թումանյանի անվան այգում կտեղադրվի հայ մեծանուն նկարիչ-քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակը: Նախագծի նպատակն է Հակոբ Հակոբյանի  ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկ անգամ ևս արժեվորել ու հանրահռչակել մեծանուն մտավորականի ժառանգությունը:

Իսկ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի  աշխարհահռչակ շանսոնյեի արձանը: Երևանի ավագանու որոշմամբ քանդակի տեղադրման վայր ընտրվեց Ազնավուրի անվան հրապարակը: Հարկ է նշել, որ հուշարձանի համար կհայտարարվի նոր մրցույթ: 

«Ավագանին այսօր որոշակի սահմանափակումներ ու պայմաններ է սահմանել մայրաքաղաքի հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու համար: Միջոցառումների ու տարբեր նախաձեռնությունների ընթացքում մարդկանց անվտանգության ապահովմանն ուղղված հստակ պահանջներից բացի, միջոցառումների ընթացքում ուղեկցվող ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը, փողոցային երաժիշտներն էլ բնակելի, հասարակական նշանակության շենքերից ու շինություններից առնվազն 10 մ հեռավորություն պետք է պահպանեն: 

Երևանյան գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ: Ավագանու որոշմամբ այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք կտրամադրվի համայնքային գրադարաններին: Այդ նպատակով համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելի,  քան նախորդ տարի:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շենքի հիմնանորոգմանը զուգահեռ՝ համայնքը նաև վերազինման ու արդիականացման ծրագիր կիրականացնի: Մշակութային օջախը թատերահամերգային տեխնիկական միջոցներով կհամալրվի. ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:  

Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման, մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման ու կրթական ծրագրերի նպատակով ավագանու որոշմամբ ավելացվել են ՀՀ կառավարությունից տրամադրվող միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ Երևանում հաշվառված հուշարձան-շենքերի մի մասը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանում է մասնավորին: Ավագանու որոշմամբ՝ այսուհետ սեփականատերերը կպարտավորվեն պատշաճ վիճակում պահել մշակութային հուշարձան հանդիսացող շենքերը:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15,5 հազար քմ տարածքը հանձնվել է համայնքին: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: 

Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային, հ.10 սպորտդահլիճի և հ.10/1 հանրակացարանային շենքերում  ապրող շուրջ 60 ընտանիքների խնդիրը համայնքը կլուծի: Ավագանու որոշմամբ՝ բնակիչների մի մասին կտրվեն բնակարաններ՝ առկա ֆոնդից, իսկ մյուսներին՝ կհանձնվեն բնակարանների գնման վկայականներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում