1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը:
Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Եվս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ