Հաստատվեց Տնտեսական արձագանքման ծրագիրը. նպատակն է՝ ՀՆԱ-ի կանխատեսումից ունենալ 1 տոկոսով ավելի աճ
Կառավարությունը հաստատեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի կիսամյակի ավարտը կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը։
«Ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակն ու Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը, բացի հանրային առողջության ու անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներից, երկրի համար տնտեսական շոկի աղբյուր էին։ Արդեն հասանելի են պաշտոնական թվերը, որոնք ասում են, որ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8 տոկոսի շրջանակներում։ Տնտեսական այլ հիմնական ցուցանիշներ նույնպես բացասական դինամիկա են դրսևորել։ Անցյալ տարի կառավարության տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը»,- ասաց Ավինյանը։
Ծրագիրը շեշտադրում է երեք հիմնական գերակայություն, որոնք են՝ տնտեսական ակտիվության վերականգնումը, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովումը և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորումը։
Ըստ Ավինյանի՝ ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր։ «Նպատակային գործողությունների առանցքում են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Դրանք են նաև քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, օրինակ, Երևանի 33-րդ թաղամասի, Կոնդի զարգացման, Հին Երևանի և այլ նմանատիպ ծրագրեր»,- ասաց նա։
Աջակցության ծրագրերին անդրադառնալով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման մի քանի միջոցառում կիրականացվի։ Մասնավորապես, կշարունակվեն գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորման ծրագրերը, այլ միջոցառումներ կիրականացվեն։
«Եվ մի խոշոր բլոկ էլ կազմում է նոր ծրագիրը, որը նախատեսում է աջակցել մեր կողմից որդեգրած քաղաքականությանն այն առումով, որ Թուրքիայից որոշակի տեսակի բեռներ այլևս հնարավոր չի լինելու ներմուծել։ Եվ մենք խրախուսելու ենք նմանատիպ արտադրանքի արտադրությունը Հայաստանում։ Սահմանվել է բարձր կատարողականի պահանջ կապիտալ ծրագրերի նկատմամբ։ Նաև ներդրվել է հստակ մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմ։ Առհասարակ անհատական պատասխանատվությունն ու այս մեխանիզմները ներդրվել են բոլոր ծրագրերի նկատմամբ»,- ասաց նա։
Ըստ Ավինյանի՝ ծրագրի ընդհանուր նպատակը լինելու է բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի կանխատեսումից 1 տոկոսային կետով հավելյալ աճ ունենալը։
Կարծիքներ