ՀԱՊԿ-ը կարող է դեր խաղալ ռազմական դիվանագիտության դաշտում. Իվան Կոնովալով

ՀԱՊԿ-ը կարող է դեր խաղալ ռազմական դիվանագիտության դաշտում. Իվան Կոնովալով

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի կարծիքով՝ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանին վերջին երկու ամիսներին ձևավորված իրավիճակը բնութագրվում է իբրև «սահմանային կոնֆլիկտ» կամ «սահմանային թյուրիմացություն», որը չի հանգեցրել լայնածավալ ռազմական գործողությունների, խնդիրը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Իվան Կոնովալովը անդրադարձել է նաև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը և դրանից բխող անվտանգության նոր մարտահրավերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների համար: Փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ը կարող է որոշակի դեր խաղալ այս հարցում, բայց այդ դերակատարումը պետք է դիտել ոչ թե ուղիղ ռազմական ուժի կիրառման իմաստով, այլ ռազմական դիվանագիտության դաշտում:

- Պարոն Կոնովալով, «Թալիբանի» զինյալները նորանոր տարածքներ են գրավում Աֆղանստանում այնտեղից Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման գործընթացը սկսելուց հետո: Նախ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ամերիկացիները որոշեցին հեռանալ Աֆղանստանից՝ երկիրը թողնելով ահաբեկչական խմբավորումներին, և երկրորդը՝ ի՞նչ դիրք պիտի գրավեն Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով անկայունությունը ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանին:

- Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալը պայմանավորված է ԱՄՆ նախագահի վարչակազմի որոշմամբ, որտեղ եկել են այն եզրակացությանը, որ արդեն անիմաստ է Աֆղանստանում մնալը, քանի որ 20 տարի առաջ հայտարարված նպատակներից որևէ մեկը չի կատարվել: Այո, հաջողվեց ոչնչացնել Ուսամա բեն Լադենին, բայց դա էլ, իմիջիայլոց, Աֆղանստանում տեղի չունեցավ: Մնացած նպատակներին չհաջողվեց հասնել, և ամերիկյան զորքերի,ինչպես և նրանց դաշնակիցների՝ այնտեղ գտնվելը որևէ իմաստ չունի: Դրա մասին դեռ Թրամփն էր ասում, որ  պետք է հեռանալ Աֆղանստանից: Այժմ դա արդեն փաստ է. նրանք հեռանում են: Իսկ սա միանշանակ Միացյալ Նահանգների պարտությունն է, քանի որ այնպիսի իրավիճակ է ձևավորվում, որ ամերիկացիների հեռանալով Աֆղանստանում, բնականաբար, իշխանության վակում է առաջանում, և այդ տարածքները զբաղեցնում են թալիբները: Բացի այդ՝ Աֆղանստանում գործում է ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» կազմակերպությունը: Թեև «Թալիբանը» և «Իսլամական պետությունը» թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ: Ուստի ամերիկացիների հեռանալուց հետո իրավիճակը մոտավորապես հետևյալ տեսքը կունենա՝ այն տարածքները, որոնք առաջ վերահսկում էր այսպես կոչված «Հյուսիսային դաշինքը», ամենայն հավանականությամբ կմնան թալիբների վերահսկողության տակ, քանի որ էթնիկապես «Թալիբանը» ներկայացնում է փուշթուններին: Կրկին տեղի կունենա երկրի բաժանում, և եթե ամերիկացիները չաջակցեն ներկայիս իշխանություններին՝ թալիբները կվերցնեն Քաբուլը: Բայց հետո այնտեղով կանցնի այսպես ասած բաժանարար գիծը:

Այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնության գործողությունները տրամաբանական են: Ինչպես գիտեք՝ Ռուսաստան էր այցելել «Թալիբանի» պատվիրակությունը՝ պարզելու Ռուսաստանի մոտեցումները: Ռուսաստանն էլ իր հերթին ուզում է հասկանալ՝ ի՞նչ մոտեցումներ ունեն թալիբները: Նրանք հայտարարել են, թե չեն ուզում, որ Կենտրոնական Ասիայում ինչ-որ խնդիրներ լինեն, ինչը ամենակարևոր հարցն է մեզ համար:

Այդուհանդերձ, պետք է հիշել, որ Ռուսաստան եկած պատվիրակությունը ներկայացնում է թալիբների այն երեք հիմնական խմբավորումներից մեկը, որոնք իրար հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն: Այդ պատվիրակությունը ներկայացնում էր թալիբների այն խմբավորումը, որի հենակայանը Կատարում է: Այնպես որ, նրանք էլ միասնական չեն, և Ռուսաստանը պետք է ուշադրությամբ մշտադիտարկի իրավիճակը և տեսնի՝ ի՞նչ տարաձայնություններ են առաջանում՝ դրանք օգտագործելով իր օգտին:

Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար, դրա համար էլ կիրառվում է դիվանագիտական մեթոդը: Բայց միաժամանակ մեր դիմաց գտնվողները հիշում են, որ Տաջիկստանում է տեղակայված մեր 201-րդ հզոր ռազմակայանը, իսկ Ղրղզստանում մեր գրոհային օդուժի ռազմակայանն է: Սա շատ ուժեղ փաստարկ է: Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազան երաշխավորն է այն բանի, որ շարունակում է մնալ գլխավոր խաղացողը և իրավիճակի բացասական զարգացման դեպքում ուղղակիորեն մասնակցելու է այդ իրավիճակի հանգուցալուծմանը, այդ թվում ուժային մեթոդով: Բոլոր պայմանավորվածություններն, անշուշտ, ուժի մեջ են: Իրադարձությունների զարգացման այլ տրամաբանություն պարզապես չի կարող լինել:

- Այսինքն՝ խոսքը ռուսակա՞ն զորքերի մասին է, ոչ թե ՀԱՊԿ-ի միջամտության:

- Դուք գիտեք, որ իրադրությունը բավական բարդ է, և ՀԱՊԿ-ի անդամ պետություններն իրավունք ունեն իրենք որոշելու մասնակցել ինչ-որ գործընթացի, թե ոչ: Այլ խոսքերով՝ նման որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են փոխհամաձայնության (կոնսենսուսի) սկզբունքով: Բայց, նախ, Տաջիկստանն ու Ռուսաստանը երկկողմ ձևաչափով պայմանագիր ունեն փոխադարձ օգնության մասին, և երկրորդը՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են մի շարք կենտրոնասիական հանրապետություններ, որոնք նույնպես ծայրաստիճան անհանգստացած են այս իրավիճակով, և եթե վտանգ լինի՝ նրանք էլ անկասկած ռազմական օգնություն կտրամադրեն խնդրի լուծման համար: Նրանց համար նույնպես շատ կարևոր է օգնել Ռուսաստանին մարելու «հրդեհը»:

- Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այն մեկնաբանությունը, որ ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված սահմանային իրավիճակը ոչ թե ռազմական ագրեսիա է Հայաստանի դեմ, այլ «սահմանային միջադեպ»:

- Այս պարագայում իրավիճակն ակնհայտ է: Քանի դեռ իրավիճակը Հայաստանում, Անդրկովկասում բնութագրում են իբրև սահմանային կոնֆլիկտ, սահմանային թյուրիմացություն, որը չհանգեցրեց զենքի լայնամասշտաբ կիրառման, խնդիրը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղո՞վ կանցնի «կարմիր գիծը»: Այսինքն՝ եթե իրավիճակը սկսի վտանգավոր բնույթ ստանալ՝ ՀԱՊԿ-ը, բնականաբար, կմիջամտի: Այստեղ, իհարկե, գլխավոր դերը Ռուսաստանինն է: Իսկ ՀԱՊԿ-ի հնարավոր դերակատարումը այս հարցում պետք է դիտել ռազմական դիվանագիտության դաշտում, ոչ թե ուղիղ ռազմական ուժի գործադրման իմաստով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում