Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում.փաստաբանական խմբի հայտարարությունը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Ի թիվս այլ հիվանդությունների՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում:
Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»։
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։
Կարծիքներ