Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում: Հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը: «Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները և կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Կարծիքներ