Արարատի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 14-ամյա երեխա է տուժել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14-ամյա մի երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում:
ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնեց, որ 14 տարեկան տղա երեխան իրենց մոտ է տեղափոխվել Արարատի ԲԿ-ից:
«Նա ունի զուգակցվող վնասվածքներ՝ դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի, կոնքոսկրերի կոտրվածքներ, որովայնի և թոքերի սալջարդ: Իրականացվել է մեկ վիրահատություն, անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտություններն իրականացվել են: Ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ փոքրիկին հիվանդանոցում այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 16-ին ժամը 15:50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Կատարվում է քննություն։
Սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ միջադեպը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Տարածվում է նաև տեղեկություն, որ մեքենան շատ մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային: Նախարարությունից տեղեկությունը չեն մեկնաբանում:
Կարծիքներ