Աշխարհում արդեն ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12170.572-ի: Ըստ worldometers.info-ի՝ COVID-19-ի պատճառով մահացել է 552.112 հիվանդ, 7․069․288 հիվանդ առողջացել է։
Ներկայումս 4․549․172 հիվանդ աշխարհում բուժում է անցնում: 4․490․894-ի (99 տոկոս) վիճակը գնահատվում է որպես մեղմ, իսկ 58․278-ի (1 տոկոս) վիճակը՝ որպես ծանր կամ կրիտիկական:
Միացյալ Նահանգները առաջին տեղում են աշխարհում վարակվածների բացարձակ թվով (3 158 932):
Երկրորդ տեղում է Բրազիլիան (1․716․196), երրորդում՝ Հնդկաստանը (769.052): Չինաստանը, որտեղից էլ սկսվել էր համավարակը, այս ցուցանիշով այժմ աշխարհում 23-րդն է զբաղեցնում (ընդհանուր 83.581 գրանցված դեպք):
Մեկ միլիոն մարդու հաշվով դեպքերի թվով աշխարհում առաջին երեք տեղերում են Քաթարը (36.168), Սան Մարինոն (20.570) եւ Ֆրանսիական Գվիանան (18.222): Այս ցուցանիշով Հայաստանը 9-րդ տեղում է աշխարհում, ԱՄՆ-ն՝ 13-րդ Բրազիլիան՝ 15, իսկ Չինաստանը՝ 191:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում (134.862), սակայն մեկ միլիոն մարդու հաշվով մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Սան Մարինոն (1238): Համաձայն վերջին ցուցանիշի՝ Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 24-րդ տեղը (521 մահվան դեպք, 176 մահվան դեպք՝ մեկ միլիոն մարդու հաշվով):
Կարծիքներ