Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։ Այս մասին այսօր շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում և Թիերի Ռիբոյի հետ կիսվել խոր մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը, այլև կառավարման համակարգի բարելավմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
Կարծիքներ