Հնդկաստանի պառլամենտի անդամ Վինեյ Սահասրաբուդհեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սույն թվականի օգոստոսի 16-ին Հնդկաստանի Հանրապետության պառլամենտի անդամ, Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի նախագահ դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հաղորդագրություն է տարածված «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պաշտոնական կայքում:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունները, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պարոն Վինեյ Սահասրաբուդհեն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին Վինեյ Սահասրաբուդհեն Հիշողության պուրակում ջրեց Հնդկաստանի փոխվարչապետի տնկած արծաթափայլ եղևնին:
Հարություն Մարությանը շնորհակալություն է հայտնել դոկտոր Վինեյ Սահասրաբուդհեին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար ու նվիրել ՀՑԹԻ վերջին հրատարակություններից:
Կարծիքներ