ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկություն է Վաշինգտոնը 51-րդ նահանգ դարձնելու հարցով
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են մայրաքաղաք Վաշինգտոնին տալ երկրի 51-րդ նահանգի կարգավիճակ: Ներկայացուցիչների պալատում այդ հարցով այսօր քվեարկություն է սպասվում:
Վաշինգտոնն այժմ վարչական առումով Կոլումբիայի դաշնային շրջան է, որը ոչ մի նահանգի մաս չի կազմում:
Fox News-ը հայտնում է, որ նախաձեռնության հեղինակ դեմոկրատ կոնգրեսականները՝ Ներկայացուցիչների պալատի խոնսակ Նենսի Փելսիի գլխավորությամբ, պնդում են, որ մայրաքաղաքի բնակիչները բարեխղճորեն կատարում են իրենց քաղաքացիական բոլոր պարտավորությունները, վճարում են հարկեր, ծառայում են ռազմական ոլորտում, բայց չեն կարողանում ընտրել իրենց ներկայացուցիչներին դաշնային կոնգրեսում, քանի որ չունեն նահանգի կարգավիճակ:
«Հունիսի 26-ին կոնգրեսում մենք կշտկենք այդ անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը»,- հայտարարել է Փելոսին:
Ենթադրվում է, որ օրինագիծը կհստատվի ԱՄՆ-ի կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, սակայն առաջընթաց չի ունենա, որովհետեւ այն կմերժեն կոնգրեսի Վերին պալատում մեծամասնություն կազմող հանրապետական սենատորները:
Սպիտակ տնից արդեն իսկ հայտարարել են, որ, ամեն դեպքում, օրինագծի վրա վետո են դնելու:
Նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ վերջերս ունեցած հարցազրույցում պնդել է, որ դեմոկրատները պաշտպանում են Կոլումբիայի դաշնային շրջանը, քանի որ շրջանը հիմնականում դեմոկրատականներով է բնակեցված, այսինքն՝ կուսակցությունը ինքնաբերաբար տեղեր կստանա ինչպես պալատում, այնպես էլ՝ Սենատում: Նա հավելել է. «Այս օրինագիծը երբեք կյանքի չի կոչվի, եթե, իհարկե, չհայտնվեն հիմար հանրապետականներ, իսկ այդպիսիսք կարծում եմ՝ չկան»:
Կարծիքներ