Նախարարը հայտնեց, թե 2 քրեակատարողական հիմնարկի փակումից հետո տնտեսված գումարը ինչին կուղղվի

Նախարարը հայտնեց, թե 2 քրեակատարողական հիմնարկի փակումից հետո տնտեսված գումարը ինչին կուղղվի

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեության դադարեցումից հետո 2022-ին տնտեսված միջոցներն ուղղվելու են աշխատողների վերջնահաշվարկների և օրենքով նախատեսված գումարների վճարմանը, մի մասն էլ՝ Պրոբացիայի ծառայության պահպանման ծախսերին:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Քրեակատարողական ծառայություններ ծրագրի գծով 2022-ին նախատեսվել է 14 մլրդ 930 մլն 800 հազար դրամ, որից մոտ 2 մլրդը՝ ԵՄ-ի բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված միջոցներից: Նախարարը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից դադարեցվելու է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: «Տնտեսված միջոցների մի մասը 2022-ին ուղղվելու է աշխատողների վերջնահաշվարկների և օրենքով նախատեսված գումարների վճարմանը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով պրոբացիայի շահառուների թվաքանակի ավելացումը և պրոբացիայի ծառայությունների գործառույթների ընդլայնումը, տնտեսված միջոցների մի մասն էլ ուղղվելու է Պրոբացիայի ծառայության պահպանման ծախսերին՝ 50 հաստիքային միավոր ավելացնելու նպատակով»,-ասաց Անդրեասյանը:

2022-ին Պրոբացիայի ծառայության գծով նախատեսվել է 676 մլն 254 հազար դրամ: Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով Պրոբացիայի ծառայությունը նախատեսվում է 2022-ին վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով:

Այս նպատակով նախատեսվում է 110 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում