Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը
Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրացման մասին հարցեր:
Ռուս-հայկական ստրատեգիական եւ հասարակական նախաձեռնությունների կենտրոնը հայտնում է, որ Արա Աբրահամյանը Լավրովին է ներկայացրել ռազմական գործողությունների սկզբից մինչեւ ներկա պահն առկա իրավիճակը, անհանգստություն հայտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Հայերի միության ղեկավարը նաեւ ներկայացրել է քայլերը, որոնք արվում են այս օրերին՝ Ռուսաստանի դաշնության տարածքում ազգային ատելության հողի վրա հնարավոր բախումները կանխելու նպատակով:
Սերգեյ Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված է տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության հաստատմամբ եւ արդեն իսկ արել է քայլեր՝ ռազմական գործողությունները կանխելու եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար:
Կարծիքներ