Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը 17 միամանդատ ընտրատարածքներում:
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, սակայն 30-ից 17 ընտրատեղամասերում երկրորդ փուլ է պահանջվել:
Ըստ խառը ընտրական համակարգի՝ ընտրողներն ընտրել են 120 պատգամավորների համամասնական եւ 30 պատգամավորների մեծամասնական ընտրակարգով: ԿԸՀ վերջին տվյալների համաձայն՝ համամասնական ընտրակարգով խորհրդարան են անցնում 9 կուսակցություն եւ քաղաքական դաշինքներ: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, ապա վերջնական արդյունքները հայտնի կդառնան երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո:
Միեւնույն ժամանակ, վրացական ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքները՝ բողոքի ակցիաներ անցկացնելով Թբիլիսիում եւ այլ խոշոր քաղաքներում: Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից եւ երկրորդ փուլին մասնակցելուց:
Սակայն օրենսդրությունը չի նախատեսում երկրորդ փուլին մասնակցությունից թեկնածուի հրաժարման ընթացակարգ: Համապատասխանաբար, ընտրաթերթիկներում նշված կլինեն բոլոր թեկնածուները, որոնք անցել են երկրորդ փուլ:
Կարծիքներ