Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ
Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի բնակիչները մասամբ արդեն վերադարձել են, իսկ մյուսները, որոնք ժամանակավորապես բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, պատրաստվում են վերադառնալ գարնան սկզբին: Այս մասին տեղեկացրեց համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը՝ հավելելով, որ Լիսագորում առաջիկայում նախատեսվում են գյուղի առանձնատների վերանորոգման ու գյուղատնտեսական ծրագրեր:
«Մեր գյուղն Արցախի ամենաբարձրադիր բնակավայրերից է: Ուստի ձմռան ամիսներին բնակչության կենսապայմանների ապահովման համար ջեռուցման խնդիրն առաջնահերթություններից է: Պատերազմի հետևանքով լիսագորցիներից ոչ բոլորին էր հաջողվել ձմեռվա համար անհրաժեշտ վառելափայտ մթերել, ինչպես նաև հետպատերազմյան սկզբնական ժամանակահատվածում բացակայում էին ջեռուցման համար անհրաժեշտ մյուս պայմանները: Մասամբ վնասվել են նաև գյուղի առանձնատները, որոնք վերստին բնակելի դարձնելու համար վերանորոգման կարիք ունեն:Այդ խնդրով դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը և մոտակա ժամանակահատվածում վնասված տների վերանորոգման ծրագիրը ընթացք կստանա»,-հայտնեց Լիսագորի գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում արդեն վերականգնվել են էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, հեռախոսակապը: Գործում են գյուղապետարանն ու բուժկետը: Գյուղում ներկա դրությամբ բնակվողները Ստեփանակերտի հետ տրանսպորտային հաղորդակցության համար օգտվում են Գորիս-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսից, ինչպես նաև սեփական ավտոմեքենաներից: Լիսագորի համայնքապետի հաղորդմամբ՝ մասամբ գյուղ են վերադարձել նաև ուսուցիչներ ու աշակերտներ և ըստ հնարավորության՝ կազմակերպվում է նաև դասապրոցեսը:
«Այդուհանդերձ՝ դպրոցական բնականոն ուսումնական գործընթացը նախատեսում ենք կազմակերպել մյուս աշակերտների վերադառնալուց, դասարանների կոմպլեկտավորումից ու շինարարական վերանորոգման որոշ աշխատանքներից հետո»,-ասաց Նասիբյանը: Մինչև 44-օրյա պատերազմը՝ Լիսագորն ուներ 130 բնակիչ, և միջնակարգ դպրոց՝ 11 աշակերտով:
Լիսագորի գյուղապետի խոսքով՝ համայնքի զարգացման նպատակով նաև գյուղատնտեսական՝ մասնավորապես անասնապահությամբ զբաղվելու ծրագրեր են նախատեսվում:
«Նախատեսվում է գյուղացիներին տրամադրել որոշ գյուղատնտեսական կենդանիներ և պայմաններ ստեղծել անասնապահության զարգացման համար»,-ասաց Նասիբյանը:
«Վերջերս համացանցում՝ կեղծ սոցիալական էջով, անհիմն տեղեկություն էր տարածվել՝ թե իբր մեզ հանձնարարվել է երեք օրվա ընթացքում Լիսագորը թողնել, հեռանալ և այլն, ինչն իրականությանն ամենևին չի համապատասխանում և ապատեղեկատվություն է»,-շեշտեց համայնքի ղեկավարը՝ մանրամասնելով, որ ավելին՝ գյուղի զարգացման նպատակով շարունակում են ծրագրեր կազմվել:
Անձամբ համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը շարունակական կապ է պահպանում Արցախի տարբեր բնակավայրերում ժամանակավորապես հանգրվանած մյուս լիսագորցիների հետ և նշում է, որ բոլորը միանշանակ ու վճռական են տրամադրված՝ վերստին գյուղ վերադառնալու և այն շենացնելու հարցում:
Կարծիքներ