Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին

Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային 75-րդ՝ ամենամյա վեհաժողովը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, բոլոր անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), միջազգային, հասարակական կազմակերպությունների և ԱՀԿ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող այլ մարմինների մասնակցությամբ:

 

Վեհաժողովի ընթացքում կայացել են ԱՀԿ գլխավոր տնօրենի, վեհաժողովի նախագահի և 5 փոխնախագահների, 2 հիմնական կոմիտեների նախագահողների ընտրությունները, նաև հաստատվել է վեհաժողովի 29-րդ գլխավոր կոմիտեի կազմը։

Հիշեցնենք, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

 

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի գլխավոր կոմիտեն (ԳԿ) բաղկացած է 25 անդամից, ներառյալ` նախագահը, փոխնախագահները և հիմնական կոմիտեների նախագահողները:

 

ԳԿ-ում եվրոպական տարածաշրջանին հատկացված է ևս 5 տեղ, որոնցից մեկի համար Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է գլխավոր կոմիտեի անդամ:

 

Միաժամանակ, վեհաժողովի ընթացքում՝ մայիսի 29-ին, տեղի կունենան կազմակերպության գործադիր խորհրդի ընտրությունները` տարածաշրջանային C խմբում ներկայացված է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։

 

Գործադիր խորհուրդը կազմված է 34 որակավորված անդամներից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով:

Հավելենք, որ 1 ազատ տեղի համար մրցակցում են 4 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և Ուկրաինան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում