ԼՀԿ-ն հնարավոր չի համարում Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ այս փուլում կոնսենսուսի գալը
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր չի համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գալը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց համար ընդունելի է գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալը:
«Խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, և, այդ օրը հայտարարելու պահից սկսած, մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները: Նոր օրենսգիրքը, եթե փորձ արվի ընդունել, կընդունվի 20 օրվա, 1 ամսվա ընթացքում»,-ասաց Մարուքյանը:
Նա համեմատություն արեց՝ կստացվի երկու հոգի շախմատ խաղալիս են լինում, մեկը գնդակով մտնում է դաշտ. այսինքն՝ ընդհանրապես խաղի կանոնները կփոխվի: «Հետևաբար այս փուլում մենք հնարավոր չենք համարում գալ կոնսենսուսի այդ հարցով: Նաև չեմ տեսնում հնարավորությունը, որ առանց կոնսենսուսի խորհրդարանում ընտրվի Ընտրական օրենսգիրք»,-ասաց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը ետ կգցի պրոցեսները, բացի այդ մարզային ներկայացվածությունը կնվազի ապագա խորհրդարանում: Հիմա կան գործող խաղի կանոնները, որոնցով, ըստ Մարուքյանը, բոլոր ուժերը պետք է պատրաստվեն ընտրությունների: Մարուքյանը վստահ է, որ ամենալավ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները, ամենախայտառակ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենալավ ընտրությունները:Երաշխիքը քաղաքական կամքն է:
Անդրադառնալով ավելի վաղ իրենց կողմից ընտրությունների ժամկետի վերաբերյալ արած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում էր, որ գոնե մինչև հունիսի 1-ը պետք է ավարտված լինի պրոցեսը՝ Մարուքյանն ասաց. «Բանակցությունների արդյունքում հնարավոր չեղավ, քանի որ նշվում էին ավելի ուշ ժամկետներ՝ աշուն, 2023: Հնարավորինի արվեստը կիրառվել է, մեզ հաջողվել է գալ կոնսենսուսի հունիսի 20-ի հետ կապված:Ամենակարևոր հանգամանքը նա է, որ որևէ մեկի գլխի տակ փափուկ բարձ չի դրվել, կոնկրետ օր ենք պայմանավորվել»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Կարծիքներ