Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը շուտով մշակույթի տուն եւ լուսավոր փողոցներ կունենա

Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը շուտով  մշակույթի տուն եւ  լուսավոր փողոցներ կունենա

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովին Լեռնակերտ համայնքը 2020 թվականին ներկայացրել է երկու ծրագիր։ Առաջին ծրագրով այս տարի կմեկնարկեն համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։

 Ըստ համայնքի ղեկավար Մովսես  Մովսիսյանի՝  դեռ նախորդ տարվանից է սկսվել  մշակույթի տան շինաշխատանքները։

«Կարողացանք  փոխել  շենքի բոլոր հին դռներն ու պատուհանները, հիմնովին վերանորոգել ենք  շենքի միջանցքի մի մասն ու 35 մետր քառակուսի մակերեսով սենյակներից մեկը։ Աժմ էլ սպասում ենք մրցույթին, տեսնենք, թե որ  շինկազմակերպությունը  կհաղթի և շարունակենք վերականգման աշխատանքները»,-ասում է համայնքի ղեկավարը:  

 Գյուղապետը freenews.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ շենքը  աղետալի երկրաշարժից հետո անմխիթար վիճակում էր, գյուղի երիտասարդությունը ժամանցի վայր չուներ:  Շենքի վերականգման արդյունքում կբացվի ևս երկու աշխատատեղ: Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն 674 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը կհատկացնի պետությունը, մնացածը՝ համայնքային ներդրումներով է իրականացվելու։

  Համայնքի կողմից ներկայացված երկրորդ հայտը վերաբերում է գյուղի լուսավորությանը: Համայնքի ղեկավարը նշում է, որ ևս քառասուն  կետ ավելացնելուց հետո գյուղի ծայրամասերն անգամ ապահովված կլինեն երեկոյան լուսավորությամբ:

«Մեր գյուղը բարձր լեռնային է, գյուղացիների համար երեկոյան ժամերին  վտանգ են ներկայացնում անգամ վայրի կենդանիները: Իսկ լուսավորության հարցը կարգավորելուց հետո այս  խնդիրն էլ համարյա կվերանա»,- նշում է Մովսիսյանը:    

Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն մշակույթի տան վերանորոգման համար նախատեսվող  գումարի, սուբվենցիոն այս ծրագրով պետությունը համայնքին կհատկացնի գումարի վաթսունհինգ տոկոսը, իսկ համայնքը կներդնի երեսունհինգ տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում