Ոստիկանությունը բացահայտել է բնակարանային գողության դեպքեր Նալբանդյան փողոցում
Ոստիկանությունը Երևանի Նալբանդյան փողոցում բնակարանային գողությունների դեպքեր է բացահայտել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
«Հուլիսի 14-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումները հանգուցալուծվեցի։ Նրանք Աբովյան փողոցում հայտնաբերեցին 40-ամյա մի տղամարդու և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։ Ոստիկանությունում պարզվեց հետևյալը. բերման ենթարկվածը հուլիսի լույս 14-ի գիշերը մտել էր Երևանի Նալբանդյան փողոցի 7/1 շենքի մի բնակարան, որի դուռը բաց էր եղել, տանտերն էլ՝ քնած։ 40-ամյա տղամարդը տանտիրոջ պայուսակից գողացել էր փող, նախնական տվյալներով՝ 220 հազար դրամ։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդն էլ ձերբակալվեց։ Նույն թաղամասի այլ բնակարաններից ևս կատարվել էին գողություններ, որոնց փաստերով արդեն իսկ հարուցվել էին քրեական գործեր։ Այդ բնակարանային գողությունների հանգամանքների վերլուծությամբ ու համադրմամբ քրեական հետախույզները եզրահանգեցին, որ ձեռագիրը նույնն էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ձերբակալված անձը Նալբանդյան փողոցի մի քանի բնակարանից գողություն էր արել։ Մասնավորապես, անցած տարվա փետրվարին Նալբանդյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից փող ու ժամացույց էր գողացել։ Նույն բնակարանից գողություն էր արել նաև այս տարվա հունիսին։ Երկրորդ դեպքով գողոնը պայուսակներ էին։ Դարձյալ այս տարվա հունիսին մտել էր Նալբանդյան փողոցի 7/1 շենքի բնակարաններից մեկն ու բջջային հեռախոսներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողացված իրերը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են հարուցված քրեական գործերի նախաքննությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ