Ադրբեջանցիները հայ զինծառայողներից պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները․ մանրամասներ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած մարտից
Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, հայկական բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Իրավիճակը հարաբերական կայուն է։ Մարտական գործողություններ չկան։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Մնացած տեղեկատվությունը պաշտպանական գերատեսչությունը ժամանակ առ ժամանակ կտրամադրի»,- ասաց Խաչատրյանը։
Ներկայացնելով ապրիլի 11-ի Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մանրամասները ՝ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական մեքենան իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել է հայկական դիրքերին բանակցությունների պատրվակով և պահանջել հայ զինծառայողներից դադարեցնել ինժեներական աշխատանքները։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսել։ Բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ մարտական գործողությունները դադարացնելու հարցում որևէ երրորդ կողմի միջնորդություն չի եղել, այն դադարեցվել է Հայատանի Հանրապետության ուժային գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների խոսակցությունների արդյունքում։
«Հարցը այսպես է դրվել՝ շարունակում ենք կռվե՞լ, վերածվո՞ւմ է պատերազմի, թե՞ դադարեցնում ենք։ Վստահ եմ, որ դադարեցման հարցում մեծ դեր է ունեցել նաև այն, որ մեր բանակը իր դիրքերում ամուր կանգնել է և պատասխան հարված է տվել»,- ընդգծեց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։
«Հայկական կողմն այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, իսկ դա, իհարկե, ադրբեջանցիների դուրը չի գալիս և փորձում են ամեն կերպ խափանել աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը;
Կարծիքներ