Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը
Նոյեմբերի 3-ին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը:
2022 թ. պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 675 մլն դրամ, իրականացվելու է 11 ծրագիր և 45 միջոցառում: Դրամաշնորհային մեկ ծրագիր և միջոցառում է իրականացվելու՝ շուրջ 122 մլն դրամի չափով: Վարչապետի աշխատակազմի կողմից 2021-ին իրականացվող 6 միջոցառումները 2022-ի բյուջեով կփոխանցվեն այլ պետական մարմիններին, որոնք բովանդակային առումով արդյունավետ կիրականացնեն դրանք: Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին միջոցառումը կիրականացնի Ազգային ժողովը: ՀՀ վետերանների միավորում հասարակական կազմակերպությանն աջակցելուն ուղղված միջոցառումը կիրականացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է փոխանցվել Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովմանը վերաբերող միջոցառման իրականացումը՝ 215 մլն դրամի չափով: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը՝ 2,6 մլրդ դրամի չափով, Շենքերի և շինությունների շինարարություն և հիմնանորոգում ծրագիրը՝ 1,6 մլրդ դրամի չափով, 1,2 մլրդ դրամի չափով սարքավորումների ձեռքբերման ծրագիրը ևս կիրականացնի ԲՏԱ նախարարությունը:
2022 թվականի բյուջեով ավելացել են 3 միջոցառումներ: «Պետական աջակցություն ՀՀ- ում և արտերկրում ներդրումային և ՊՄԳ ծրագրերի իրականացմանը» ծրագրին կուղղվի 1,8 մլրդ դրամ, Սննդամթերքի լաբորատոր հետազոտություն միջոցառմանը՝ 20 մլն դրամի չափով գումար: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցության լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագիրը ևս կլինի բյուջեում:
Կան մի շարք շարունակական ծրագրեր, որոնք նախորդ տարիներին ևս իրականացվել են: Դրանց թվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացմանն առնչվող ծրագիրը:
Պատգամավոր Արամ Վարդևանյանը հարցուպատասխանի ընթացքում կարևորել է բյուջետային հասցեական հատկացումները Տեսչական մարմիններին, ինչը, ըստ նրա, կընդգծի այդ մարմինների անկախությունը: Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ վարչապետի աշխատակազմն իրականացնում է տեխնիկական գործառույթ, բովանդակային իմաստով տեսչական մարմիններն անկախ են: Ըստ նրա՝ տեսչական մարմինների առանձին աշխատակազմ ունենալը լրացուցիչ բյուջետային զգալի ծախսեր կպահանջի:
Կարծիքներ