Դադարեցվել է Սոթքի բաց հանքի շահագործումը, անձնակազն ուղարկվել է հարկադիր պարապուրդի
«ԳՊՄ ԳՈԼԴ»-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ պարբերական հրետակոծությունների հետևանքով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է:
«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։
Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։
Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։
Այդպիսով, ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր): Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, որ մոտ մեկ ամսվա աշխատանք է մնացել բաց հանքի աշխատանքների համար:
«Պետք է տեղեկացնեմ, որ Սոթքի բաց հանքում աշխատանքների ավարտը նախատեսվել էր անցյալ տարվա աշնան վերջ, սակայն մեր բանակցությունների և պնդումների արդյունքում դրանք շարունակվում են, և աշխատողների մեծ մասին կպահեն՝ մինչև այս տարվա ամառ, որից հետո արդեն կսկսվեն կրճատումները»,- ասել էր նա:
Կարծիքներ