Աֆղանստանում վրացի 28 զինվորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վրացի 28 զինվորականի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ովքեր մասնակցում են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը, հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
COVID-19 ունեցող խաղաղապահները վերադարձել են Վրաստան ռոտացիայի սկսվելուց մի քանի շաբաթ առաջ: Զինծառայողները հայրենիք են վերադարձել Գերմանիայի օդուժի ինքնաթիռով՝ բժիշկների եւ այլ բուժանձնակազմի ուղեկցությամբ։
Ինչպես նշվում է, բոլոր զինվորականների վիճակը բավարար է: Նրանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների: Պարզվել է, որ «վարակի աղբյուրը կապված է տեղի աֆղանական անձնակազմի հետ»:
Վարակվածները բուժում կստանան Գորիի զինվորական հոսպիտալում: Մյուս վրացի զինվորականներն Աֆղանստանից վերադառնալուն պես երկու շաբաթ կմնան կարանտինում:
Պաշտպանության նախարարությունում շեշտում են, որ նրանք վարակման վտանգի տակ չէին, քանի որ Աֆղանստանում 28 վարակված խաղաղապահները մեկուսացվել էին: Ընդ որում, գերատեսչությունում նշում են, որ համաճարակաբանական բոլոր միջոցառումները տեղի են ունեցել «ՆԱՏՕ-ի կողմից սահմանված կանոններին համապատասխան»:
Կարծիքներ