Հայաստանում գրանցվում է Covid-19-ի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամը. նախարար
Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամերից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու են բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում: Հիմա զբոսաշրջային բավականին բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են: Եվ, իհարկե, պետք է նաև Հայաստան՝ արդեն որերորդ անգամ, ներթափանցեր վարակը:
Վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ: Մենք հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման պլանը հստակ ունենք, և պետք է շարժվենք՝ ըստ համաճարակային իրավիճակի»,-ասաց նախարարը:
Ամենօրյա ռեժիմով իրականացվում է մշտադիտարկում: Ավանեսյանի խոսքով՝ մասնագիտական խորհուրդն ընթացքում իր ուղեցույցներում, իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կանի: «Եվ մենք հաջորդիվ պատրաստ ենք ալիքներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա մի փոքր դժվար է կանխատեսել»,-նշեց նախարարը:
Ըստ նրա՝ ճամփորդությունների մասով սահմանափակումներին վերադարձ չի լինի: Պետությունն այն համոզմանն է, որ բոլոր այդ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, նույն շրջապտույտի մեջ անընդհատ դժվար է լինել: Սակայն բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից:
«Եթե, Աստված չանի, համաճարակային իրավիճակը սրվի, մենք, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ: Ընթացիկ հետազոտություններ մշտապես արվում են: Այս պահին շրջանառվում է BA.5 տեսակը, որն օմիկրոնի ենթաշտամներից է »,-ընդգծեց նախարարը:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 46 տոկոսը:
Կարծիքներ