Ֆրանսիայի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր (Saint-Cyr) ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները ս.թ. փետրվարի 2-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի լսարան՝ հագեցած դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Բացման ժապավենը կտրել են Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի կադետ ֆլավիեն Օլրին, ով ներկայումս ուսանում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, և կուրսանտ Էդուարդ Սողոմոնյանը։
Հյուրերը տպավորված էին մեր ռազմական ակադեմիայում ուսումնական գործընթացի բարձր որակով։ Քննարկվել է երկու ակադեմիաների միջև համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու հարցը։ Առաջիկայում կուրսանտներ Էդուարդ Սողոմոնյանը և Էրիկ Սահակյանը կմեկնեն Ֆրանսիա և իրենց ուսումնառությունը կշարունակեն Սեն-Սիրի ռազմական ակադեմիայում։
Պետք է նշեմ, որ վերջին երկու տարում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կրել է որակական շրջադարձային փոփոխություններ, ինչի վկայությունը նաև աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատությունների կողմից մեծ հետաքրքրությունն է։ Առաջիկա օրերին աշխարհի առաջավոր ռազմական ակադեմիաներից կադետներ կժամանեն Հայաստան ՝ այստեղ շարունակելու իրենց ուսումնառությունը ։
Օրեր առաջ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում, որի անդամ են 19 ռազմական ակադեմիաներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա և այլ երկրներ)։
ՀՀ կառավարությունն աննախադեպ միջոցներ է ձեռնարկել նաև ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, սպայական կոչում ստացած զինծառայողների սոցիալական ապահովման ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ 2022 թվականից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված զինծառայողներն ուսումն ավարտելուց և սպայական կոչումը ստանալուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ Ուսումնառության ընթացքում կրթաթոշակը կարող է հասել մինչև 170 հազար դրամ։
Փաստերը վկայում են, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք հզոր և զարգացած երկրների չափանիշներին համապատասխան բազային կրթությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով սպաներ, ովքեր լինելու են Հայաստանի Հանրապետության մարտունակ և հզոր բանակի ամենակարևոր բաղադրիչը։
«Օգտվելով հնարավորությունից՝ տեղեկացնում եմ, որ անգլերեն և ֆրանսերեն լեզվի իմացությամբ 18-ից 23 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ուսումը շարունակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի ռազմական ակադեմիաներում, կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն կամ դիմումներն ուղարկել իմ պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ [email protected]»,- ֆեյսբուքում գրել է Խաչատրյանը:
Կարծիքներ