Թբիլիսիի հոմոֆոբ ակցիայի ևս 8 մասնակցի 6 տարվա ազատազրկում է սպառնում
Վրաստանի դատախազությունը ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել` հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ կազմակերպված հակակցիայի ընթացքում անկարգությունների ու ծեծկռտուքի գործով: Հաղորդում է Aliq Media-ն։
Ըստ գերատեսչության տվյալի` ձերբակալվածներից 5-ը մեղադրվում է խմբակային բռնություն կիրառելու, նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ՝ խտրական վերաբերմունքից ելնելով:
Եվս 3 անձի մեղադրանք է ներկայացվել` ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող` «Tbilisi Pride» կազմակերպության գրասենյակ ապօրինի ներխուժման և գույքի ոչնչացման փաստով:
Նշված մեղադրանքները մինչև 8 տարվա ազատազրկում են ենթադրում:
Ներկայումս հուլիսի 5-ի անկարգությունների գործով 16 քաղաքացու մեղադրանք է ներկայացված: Որպես տուժած` գործով անցնում է 35 մարդ` այդ թվում 29 լրագրող ու հեռուստաօպերատոր:
Դատախազությունից հայտնում են, որ Ոստիկանությունը շարունակում է «ակտիվ քննչական գործողությունները»` Tbilisi Pride-ի նկատմամբ բռնի գործողությունների մասնակից մյուս անձանց և կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ