Վարդենիսցիներն անհամբերությամբ սպասում են հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանի վերադարձին
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Խլոյանը Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության եզրափակչում հաղթել է բելառուս մարզիկին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքը երեկվանից ցնծության մեջ է՝ տոնելով հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանի չեմպիոնական հաղթանակը բելառուս մարզիկի նկատմամբ։
Բոլորին առանձնակի ոգևորել է իրենց համերկրացու չեմպիոնական նվաճումը, այն էլ՝ աշխարհի առաջնության մակարդակով։
Այս առիթով Վարդենիս համայնքի բնակիչներին շնորհավորանքի խոսք է հղել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
«Սիրելի' վարդենիսցիներ, շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ։
Ուրախությամբ հայտնում ենք, որ Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ, վարդենիսցի Հայկ Խլոյանը 97 կգ քաշային կարգում 11։6 հաշվով առավելության հասնելով բելառուս մարզիկի նկատմամբ, հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Սիրելի' Հայկ, շնորհավորում եմ այս անհավանական նվաճման համար, ողջ Վարդենիսն այս րոպեներին ցնծության մեջ է։
Անհամբեր սպասում ենք քեզ Վարդենիսում, որպեսզի միասին տոնենք պատմական այս հաղթանակը»,-ասված է համայնքի ղեկավարի շնորհավորանքի խոսքում։
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայկ Խլոյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Հաճախել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց, մարզական առաջին քայլերը կատարել Վարդենիսի մարզադպրոցում, այնուհետ ուսումը և մարզումները շարունակել մայրաքաղաքում։
Կարծիքներ