ԱՄՆ կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը
«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր կաշառքներով։
Դրանք վճարվել են Հայաստանի նախկին ֆինանսների նախարարին և նրա որդիներին։
ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքի տվյալներով՝ տունը 2011 թ. 14.4 միլիոն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։
Խաչատրյանը 2008-2014 թթ. եղել է ՀՀ ՊԵԿ-ի նախագահը, իսկ 2014-2016 թթ.՝ ֆինանսների նախարարը։
ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ հարուստ և ազդեցիկ գործարար Սեդրակ Առուստամյանը կաշառքի տեսքով Խաչատրյանին և նրա ընտանիքին վճարել է 20 մլն դոլար՝ իր բիզնեսների համար արտոնյալ հարկային պայմաններ ստանալու դիմաց։
Ըստ մեղադրանքի՝ այդ գումարի մի մասը ծախսվել է Հոլմի Հիլզի առանձնատան գնման նպատակով։ Կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, որը վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:
Կարծիքներ