Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման՝  գույքի բռնագրավմամբ

Այսօր Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը դատապարտել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին 11 տարի 2 ամիս ազատազրկման: Գործը, որի շրջանակներում դատապարտվել է նախագահը, առնչվում է «քրեական հեղինակություն» Ազիզ Բատուկաեւին տարիներ առաջ պատժի կրումից ապօրինի ազատ արձակելուն: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Ընդ որում, դատարանը որոշել է, որ նախկին նախագահը պետք է ազատազրկվի՝ գույքի բռնագրավմամբ եւ ստացած պետական պարգեւների պարգեւաազրկմամբ:

Պետմեղադրողը պահանջում էր Աթամբաեւի համար 15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:

Ղրղզ «քրեական հեղինակություն» Ազիզ Բատուկաեւին ապօրինի ազատելու համար Ղրղզստանի 19 նախկին պաշտոնյաներ կասկածվում են կոռուպցիոն գործարքի մասնակից լինելու մեջ: Կասկածյալներից 14-ը ստորագրել են՝ հետաքննությունն իրականացնող մարմինների հետ համագործակցելու համար:

Բաթուկաեւը, որը ազատազրկված էր երկար տարիներ, 2013 թվականին ազատ էր արձակվել բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ առողջական խնդիրների պատճառով, որից հետո մեկնել էր Չեչնիա: Նույն տարում խորհրդարանական հանձնաժողովը հաստատել էր, որ Ղրղզստանի նախկին օմբուդսմեն Թուրսունբեկ Ակունի առաջարկով ազատ արձակված նախկին դատապարտյալի ազատման գործում  բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Պետական քրեակատարողական ծառայության սպաներ են ներգրավված եղել, որոնք էլ այնուհետ թույլ են տվել, որ «քրեական հեղինակություն»-ը հեռանա երկրից այն դեպքում, երբ  քննությունը չէր ավարտվել:

2019 թվականին Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը վերսկսել էր այս գործի հետաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ղրղզստանի նախկին փոխվարչապետ Շամիլ Աթախանովը, Առողջապահության նախկին նախարար Դինարա Սագինբաեւան, ինչպես նաեւ  Առողջապահության նախարարության մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ հետաքննության, ախտորոշել են Բաթուկաեւին ծանր հիվանդություն, ինչը հիմք է հանդիսացել պատժի կրումից նրան ազատ արձակելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում